Հոդվածներ      FaceBook           Երեքշաբթի, 23.04.2024, 17:07      
Մենյու

ՑԱՆԿ
Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ [5]
ՆՑԿ դիրքորոշում [0]

Գլխավոր » Հոդվածներ » Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ցեղակրոնությունը վերկուսակցական գաղափարախոսություն է

Ցեղակրոնությունը վերկուսակցական գաղափարախոսություն է

Մեր հյուրն է Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը

Խորագիր` Քաղաքական
Հեղինակ` ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ
2011-09-29 00:00:00

- Այսօր գործում են նժդեհյան գաղափարախոսությունը որդեգրած մի քանի կուսակցություններ: Արդյո՞ք նժդեհյան միտքը, գաղափարները մեզանում այդքան պահանջված են:
- Բոլոր ժամանակներում գաղափարախոսություններն ստեղծվում են հիմնականում կոնկրետ մարդկանց կողմից և հետապնդում են կոնկրետ նպատակներ: Սակայն այլ խնդիր է լուծում ազգային գաղափարախոսությունը: Այն կապված չէ կոնկրետ մարդու մտավոր կարողությունների, նրա պատկերացումների հետ: Ազգային գաղափարախոսությունները հիմնվում են տվյալ ազգի արժեհամակարգի վրա: Եվ կոչված են առողջացնելու, հզորացնելու և հզոր պահելու այն: Այդ առումով մեր իրականության մեջ, ճիշտ է, ունեցել ենք էպոս, մեծ մտածողներ` Նարեկացի, Պատկանյան, Րաֆֆի, Թումանյան, այնուամենայնիվ չի ձևավորվել ամբողջական ուսմունք: Բայց այսօր հենց Նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսությունն է, որ պատասխանում է հարցերին, տալիս է մեր ապագայի տեսլականը, ուղենշում եղած խնդիրները լուծելու ճանապարհը: Ըստ իս` ցեղակրոնությունը պետք է լինի ոչ թե մեկ կամ մի քանի կուսակցության, այլ ազգի սեփականությունը: Բոլորը պետք է լինեն ցեղակրոն: Ես ողջունում եմ, որ մարդիկ այդ գաղափարի շուրջ ստեղծում են կուսակցություններ:
- Բայց արդյո՞ք ստեղծելուց զատ նաև առաջնորդվում են այդ գաղափարներով:
- Ցանկացած գաղափարախոսություն ենթադրում է որոշակի կեցվածք, կերտվածք, կենցաղ: Եթե մարդիկ ասում են` ասածս լսեք, արածիս մի հետևեք, նշանակում է` հատուկ ստեղծվել են` վարկաբեկելու հռչակած գաղափարները: Բայց եթե նրանք իրոք ասում և ապրում են այդ բարոյականությամբ, արժեհամակարգով, միայն ողջունելի է:
Իսկ ընդհանրապես ցեղակրոնությունը վերկուսակցական գաղափարախոսություն է: Ցեղակրոն պետք է լինի մարդը:
- Դուք ցեղակրոնությունը համարում եք հիմք, առանցք: Բայց Նժդեհի ընդդիմախոսները նրան մեղադրում էին ռասիզմի ու կռապաշտության համար` նա պաշտում էր ցեղը: Այս դեպքում հակասություններ չե՞ն առաջանում:
- Այդ ընդդիմախոսները մնացել են անտեղյակների շարքում: Մանավանդ այս 20 տարում ամենաշատ հրատարակվածը երևի Նժդեհի գրքերն են: Դժվար չէ կարդալ, հասկանալ` ինչ է քարոզում այդ գաղափարախոսությունը, ինչ նպատակ ունի: Ու եթե մարդիկ գիտեն, բայց հատուկ ներկայացվում է որպես ռասիզմ, ֆաշիզմ, ուրեմն դիտավորություն է: Այդ մարդիկ ծառայում են այլ կառույցների:
- Օտարերկրյա՞:
- Այո: Կամ էլ իրենց արժեհամակարգը այնպիսին չէ, ինչպիսին պահանջում է ցեղակրոնությունը: Նրանք չեն համապատասխանում այդ արժեքներին, չեն կրում ցեղի որակները:
- Լավ, իսկ հասարակության համար ցեղակրոնությունն այսօր որքանո՞վ է արդիական, ընկալելի:
- Տարբերակում ենք ազգ և ժողովուրդ: Ժողովուրդը անբնական կուտակումն է` ժողովված ամբողջություն: Ժողովրդի մեջ կարող են լինել տարբեր ծագում ունեցող անհատներ: Իսկ ազգը ծագման, արյունակցական ամբողջություն է: «Ազ»-ը հայերեն նշանակում է սերում, ծագում: Որքանով էլ ժողովուրդն ընդդիմանա, չընդունի, այնուամենայնիվ իր գոյությամբ պարտական է իր մեջ ամփոփված ազգին, որովհետև ազգի չգոյությունը ենթադրում է ժողովրդի մահը:
- Նժդեհի համար հայրենիքը, բարոյականությունը, Աստված, ցեղի ոգին մեծագույն արժեքներ են: Արդյո՞ք այսօր մենք այդ ամենից չենք հեռացել:
- Այսօր արժեքներ են հռչակվել փողը, ստամոքսը, սեռական մոլուցքը: Երիտասարդության մեջ տարածված է մեծ դրամագլխի արագ տիրանալու մոլուցքը` անկախ միջոցներից: Միշտ այսպես է` ցանկացած ազգ, կրոն, իշխանություն ինչ իդեալներ սահմանում է, դրանց էլ նմանվում է: Հիմա` եթե մեր առաջ դնում ենք միայն սոցիալական խնդիրներ, փողն ու ստամոքսն է գերագույն նպատակը, «դեմոկրատական» կեղծ արժեքները, որոնք ոչ ոք չի հասկանում, թե ինչ են` պատկերն էլ լինում է այնպիսին, ինչպիսին այսօր տեսնում ենք:
Բայց այս ամենից անկախ` ազգը սահմանում է սեփական արժեքները: Այս կտրվածքով նայենք` մարդու մեջ կան և առողջացնող, և սպանող բջիջներ: Եթե գերակայում են սպանողները, օրգանիզմը մահանում է: Եթե առողջացնողները` օրգանիզմն ապաքինվում է: Փաստ է, որ այսօր մեր ժողովրդի մեջ կան այդ սպանող բջիջները: Բայց կան նաև առողջացնողները: Սակայն դրանք այնքան շատ չեն, որ վերացնեն սպանող բջիջները, թեև այնքան քիչ էլ չեն, որ ազգը մահանա: Այնուհանդերձ ազգային առողջ տարրը մեր մեջ կա: Եվ հզորանալու է: Դա է մեր ժողովրդի ապագան: Ինչպես Նժդեհն է ասում` այս ժողովուրդը պետք է ցեղվի:
- Գլոբալիզացիայի ներկա պայմաններում զուտ ազգայինը, ցեղայինը աստիճանաբար հետին պլան է մղվում: Մինչդեռ Նժդեհը աշխարհաքաղաքացիությունը համարում էր հայրենիքի և հայրենասիրության երեք անհաշտ թշնամիներից մեկը: Այսօր ոսկե միջինը ինչպե՞ս պետք է գտնել:
- Ոսկե միջին չկա: Ընդհանրապես գլոբալիզմը միտված է մարդու դեմ: Դա հակաբնական գաղափարախոսություն է: Ազգերը բնական կատեգորիաներ են, որ ստեղծվել են հենց Արարչի կողմից: Հայն ի սկզբանե արարվել է Արարչի կամոք, գոյություն ունի արարչագործության սկզբից, և այն օրրանը, այն արեալը, որը մենք անվանում ենք Հայկական բարձրավանդակ, միայն հայերինն է: Մենք դրանից դուրս չենք կարող գոյություն ունենալ:
...Ոսկե միջին չի կարող լինել: Ազգայնականն ու գլոբալիստականը միշտ հակամարտության մեջ են եղել, կան և կլինեն: Եվ կուզենայինք, որ ժամանակի ընթացքում մարդկությունն այնքան հասունարար, որ ամեն մի ազգ ապրեր իր արժեհամակարգով և մարդկության ծաղկեփնջի մեջ իր հոտն ունենար:
- Դուք նշեցիք, որ ազգային տարրը մեր մեջ կա, բայց դեռ գերակայող չէ, իսկ գլոբալիզմը դրսից եկող հստակ պարտադրանք է: Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է դիմագրավենք կամ պայքարենք դրա դեմ:
- Լաո Ցզին մի լավ խոսք ունի` երբ քամին փչում է, երկու բան պետք է անել. նախ` պետք է վրան կառուցել` պաշտպանվելու համար, ապա հողմաղաց` օգտվելու համար: Արհավիրքին դիմադրելու միակ ճանապարհը քո ինքնության հզորացումն է: Դու կարող ես պայքարել միայն քո արժեհամակարգի հզորացմամբ: Դու ինքդ առողջացիր, հզորացիր, իսկ նա կգա-կանցնի: Նման շատ բաներ են մեր ազգի գլխով անցել-գնացել:

Կարգավի-ակ: Գ.ՀՈՎՍԵՓՅԱՆ | Ավելացրել է: Admin (05.10.2011)
Просмотров: 638 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz