Ցեղակրոնությունը վերկուսակցական գաղափարախոսություն
է
Մեր հյուրն է Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը
Խորագիր` Քաղաքական
Հեղինակ` ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ
2011-09-29
00:00:00
- Այսօր գործում են նժդեհյան գաղափարախոսությունը որդեգրած մի քանի կուսակցություններ: Արդյո՞ք նժդեհյան միտքը, գաղափարները մեզանում այդքան պահանջված են:
- Բոլոր ժամանակներում գաղափարախոսություններն ստեղծվում են հիմնականում կոնկրետ
մարդկանց կողմից և հետապնդում են կոնկրետ նպատակներ: Սակայն այլ խնդիր է լուծում ազգային
գաղափարախոսությունը: Այն կապված չէ կոնկրետ մարդու մտավոր կարողությունների, նրա պատկերացումների
հետ: Ազգային գաղափարախոսությունները հիմնվում են տվյալ ազգի արժեհամակարգի վրա: Եվ
կոչված են առողջացնելու, հզորացնելու և հզոր պահելու այն: Այդ առումով մեր իրականության
մեջ, ճիշտ է, ունեցել ենք էպոս, մեծ մտածողներ` Նարեկացի, Պատկանյան, Րաֆֆի, Թումանյան,
այնուամենայնիվ չի ձևավորվել ամբողջական ուսմունք: Բայց այսօր հենց Նժդեհյան ցեղակրոն
գաղափարախոսությունն է, որ պատասխանում է հարցերին, տալիս է մեր ապագայի տեսլականը,
ուղենշում եղած խնդիրները լուծելու ճանապարհը: Ըստ իս` ցեղակրոնությունը պետք է լինի
ոչ թե մեկ կամ մի քանի կուսակցության, այլ ազգի սեփականությունը: Բոլորը պետք է լինեն
ցեղակրոն: Ես ողջունում եմ, որ մարդիկ այդ գաղափարի շուրջ ստեղծում են կուսակցություններ:
- Բայց արդյո՞ք ստեղծելուց զատ նաև առաջնորդվում են այդ գաղափարներով:
- Ցանկացած գաղափարախոսություն ենթադրում է որոշակի կեցվածք, կերտվածք, կենցաղ:
Եթե մարդիկ ասում են` ասածս լսեք, արածիս մի հետևեք, նշանակում է` հատուկ ստեղծվել
են` վարկաբեկելու հռչակած գաղափարները: Բայց եթե նրանք իրոք ասում և ապրում են այդ
բարոյականությամբ, արժեհամակարգով, միայն ողջունելի է:
Իսկ ընդհանրապես ցեղակրոնությունը վերկուսակցական գաղափարախոսություն է: Ցեղակրոն պետք
է լինի մարդը:
- Դուք ցեղակրոնությունը համարում եք հիմք, առանցք: Բայց Նժդեհի ընդդիմախոսները նրան մեղադրում էին ռասիզմի ու կռապաշտության համար` նա պաշտում էր ցեղը: Այս դեպքում հակասություններ չե՞ն առաջանում:
- Այդ ընդդիմախոսները մնացել են անտեղյակների շարքում: Մանավանդ այս 20 տարում
ամենաշատ հրատարակվածը երևի Նժդեհի գրքերն են: Դժվար չէ կարդալ, հասկանալ` ինչ է քարոզում
այդ գաղափարախոսությունը, ինչ նպատակ ունի: Ու եթե մարդիկ գիտեն, բայց հատուկ ներկայացվում
է որպես ռասիզմ, ֆաշիզմ, ուրեմն դիտավորություն է: Այդ մարդիկ ծառայում են այլ կառույցների:
- Օտարերկրյա՞:
- Այո: Կամ էլ իրենց արժեհամակարգը այնպիսին չէ, ինչպիսին պահանջում է ցեղակրոնությունը:
Նրանք չեն համապատասխանում այդ արժեքներին, չեն կրում ցեղի որակները:
- Լավ, իսկ հասարակության համար ցեղակրոնությունն այսօր որքանո՞վ է արդիական, ընկալելի:
- Տարբերակում ենք ազգ և ժողովուրդ: Ժողովուրդը անբնական կուտակումն է` ժողովված
ամբողջություն: Ժողովրդի մեջ կարող են լինել տարբեր ծագում ունեցող անհատներ: Իսկ ազգը
ծագման, արյունակցական ամբողջություն է: «Ազ»-ը հայերեն նշանակում է սերում, ծագում:
Որքանով էլ ժողովուրդն ընդդիմանա, չընդունի, այնուամենայնիվ իր գոյությամբ պարտական
է իր մեջ ամփոփված ազգին, որովհետև ազգի չգոյությունը ենթադրում է ժողովրդի մահը:
- Նժդեհի համար հայրենիքը, բարոյականությունը, Աստված, ցեղի ոգին մեծագույն արժեքներ են: Արդյո՞ք այսօր մենք այդ ամենից չենք հեռացել:
- Այսօր արժեքներ են հռչակվել փողը, ստամոքսը, սեռական մոլուցքը: Երիտասարդության
մեջ տարածված է մեծ դրամագլխի արագ տիրանալու մոլուցքը` անկախ միջոցներից: Միշտ այսպես
է` ցանկացած ազգ, կրոն, իշխանություն ինչ իդեալներ սահմանում է, դրանց էլ նմանվում
է: Հիմա` եթե մեր առաջ դնում ենք միայն սոցիալական խնդիրներ, փողն ու ստամոքսն է գերագույն
նպատակը, «դեմոկրատական» կեղծ արժեքները, որոնք ոչ ոք չի հասկանում, թե ինչ են` պատկերն
էլ լինում է այնպիսին, ինչպիսին այսօր տեսնում ենք:
Բայց այս ամենից անկախ` ազգը սահմանում է սեփական արժեքները: Այս կտրվածքով նայենք`
մարդու մեջ կան և առողջացնող, և սպանող բջիջներ: Եթե գերակայում են սպանողները, օրգանիզմը
մահանում է: Եթե առողջացնողները` օրգանիզմն ապաքինվում է: Փաստ է, որ այսօր մեր ժողովրդի
մեջ կան այդ սպանող բջիջները: Բայց կան նաև առողջացնողները: Սակայն դրանք այնքան շատ
չեն, որ վերացնեն սպանող բջիջները, թեև այնքան քիչ էլ չեն, որ ազգը մահանա: Այնուհանդերձ
ազգային առողջ տարրը մեր մեջ կա: Եվ հզորանալու է: Դա է մեր ժողովրդի ապագան: Ինչպես
Նժդեհն է ասում` այս ժողովուրդը պետք է ցեղվի:
- Գլոբալիզացիայի ներկա պայմաններում զուտ ազգայինը, ցեղայինը աստիճանաբար հետին պլան է մղվում: Մինչդեռ Նժդեհը աշխարհաքաղաքացիությունը համարում էր հայրենիքի և հայրենասիրության երեք անհաշտ թշնամիներից մեկը: Այսօր ոսկե միջինը ինչպե՞ս պետք է գտնել:
- Ոսկե միջին չկա: Ընդհանրապես գլոբալիզմը միտված է մարդու դեմ: Դա հակաբնական
գաղափարախոսություն է: Ազգերը բնական կատեգորիաներ են, որ ստեղծվել են հենց Արարչի
կողմից: Հայն ի սկզբանե արարվել է Արարչի կամոք, գոյություն ունի արարչագործության
սկզբից, և այն օրրանը, այն արեալը, որը մենք անվանում ենք Հայկական բարձրավանդակ, միայն
հայերինն է: Մենք դրանից դուրս չենք կարող գոյություն ունենալ:
...Ոսկե միջին չի կարող լինել: Ազգայնականն ու գլոբալիստականը միշտ հակամարտության
մեջ են եղել, կան և կլինեն: Եվ կուզենայինք, որ ժամանակի ընթացքում մարդկությունն այնքան
հասունարար, որ ամեն մի ազգ ապրեր իր արժեհամակարգով և մարդկության ծաղկեփնջի մեջ իր
հոտն ունենար:
- Դուք նշեցիք, որ ազգային տարրը մեր մեջ կա, բայց դեռ գերակայող չէ, իսկ գլոբալիզմը դրսից եկող հստակ պարտադրանք է: Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է դիմագրավենք կամ պայքարենք դրա դեմ:
- Լաո Ցզին մի լավ խոսք ունի` երբ քամին փչում է, երկու բան պետք է անել. նախ`
պետք է վրան կառուցել` պաշտպանվելու համար, ապա հողմաղաց` օգտվելու համար: Արհավիրքին
դիմադրելու միակ ճանապարհը քո ինքնության հզորացումն է: Դու կարող ես պայքարել միայն
քո արժեհամակարգի հզորացմամբ: Դու ինքդ առողջացիր, հզորացիր, իսկ նա կգա-կանցնի: Նման
շատ բաներ են մեր ազգի գլխով անցել-գնացել:
Աղբյուր` http://www.hayatsk.am/1370.html
|